ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

«ԹՈՒՐՔ, ՊԱՐՍԻԿ ՈՒ ՌՈՒՍ ԽԱՆԵՐԻ ՍՆԴՈՒԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԱՐՈՏ ԵՆ ԳԵՆԻՍ ՄԱԿԱՐԴ-ՓՐԿՕՂԱԿԻ ՉՎԵՐԹԻՆ»

«ԹՈՒՐՔ, ՊԱՐՍԻԿ ՈՒ ՌՈՒՍ ԽԱՆԵՐԻ ՍՆԴՈՒԿՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԷԼ ԿԱՐՈՏ ԵՆ ԳԵՆԻՍ ՄԱԿԱՐԴ-ՓՐԿՕՂԱԿԻ ՉՎԵՐԹԻՆ»
30.03.2012 | 00:00

և ոչ միայն մշակույթի մասին

«Իրատես de facto»-ի հյուրը բանաստեղծ Հովիկ Հովեյանն է: Նա վերջերս ընթերցողի դատին է հանձնել իր հերթական գիրքը` «Հիշողության կավ» բանաստեղծությունների ժողովածուն, որը մի հնարավորություն է` ի մոտո ճանաչելու Հովեյանի ներանձնական և անանձնական ապրումների ու բանաձևումների տարաձև աշխարհը:
Գուցե թե ոչ այնքան հասկանալի, որքան տարօրինակորեն գրավիչ է բանաստեղծություն դարձած Հովեյանի գեղարվեստականացված մաթեմատիկան, որով ամփոփվում է «Հիշողության կավ» ժողովածուն: Հնարավոր է, որ «Իրատես de facto»-ի ընթերցողների մեջ կգտնվեն այնպիսի իմաստուններ, որոնց արտառոց չի թվա «Վերջին հաշվով» վերնագրված հետևյալ բանաձևաշարը.
«1X1=Հույս
2X1=Սեր
3X1=ՈՒշացում
4X1= Ձմեռ
5X1=Սպասում
6X1=Թոշնանք
7X1=Երազ
8X1=Ճախրանք
9X1=Աղոթք
0X1=Տիեզերք»

Հենց նման իմաստունների ու նաև բոլորի համար է մեր զրույցը «Հիշողության կավ» գրքի շուրջ, ուր Հովեյանը շարունակում է բանաստեղծել, թեև արտաքուստ` ոչ բանաստեղծական տեքստով:

«ՔԱՂԱՔՆ ՈՒՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԼՈՒԽՆ ԱՌՆԵԼՈՒ-ՓԱԽՉԵԼՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ»
-Պարո՛ն Հովեյան, մեր քաղաքի աղավաղվող դիմագիծը մտահոգության թեմա է Երևանը սիրող յուրաքանչյուր գիտակից մարդու համար: Ձեր մտահոգությունը բանաստեղծացրել եք այսպիսի տողերով.
«Քաղաք, ես խոնարհվեցի
սայթաքումիդ առջև,
Եվ փորձեցի ոտքի հանել
անցյալդ շենշող,
Մինչդեռ խուժանդ
Թիկունքս խածեց գիշերաթափառ
Մի շան սոսկանքով…»:
Սայթաքումներից քաղաքը փրկելու փորձերն անդառնալիորե՞ն են դատապարտված ձախողման
:
-Քաղաքը մարդն է, քաղաքը մարդ է: ՈՒնի հիշողություն և գլուխն առնելու-փախչելու մանկական սովորույթ: Քաղաքն այսօր հեռացող, թոշակառու մի հացերեց է, ում համար ձեռքեր եմ հորինում և օրնիբուն լարում կանգնելու պատրաստ ժամացույցի նրա սլաք-սիրտը: Աստված չանի, որ մի օր էլ անուն հորինեմ (հորինենք) մեր քաղաքի մետաքսե օղապարանի համար: Խուժանը սոսկական զանգվածը չէ, մեծամասնական կենսոլորտն է ու թելադրողը, իսկ փոքրամասնականը` մտավորականն ու էթնիկ գյուղացին, մահապարտի տարազներ հագած քաղաքի շուրջը տարածվող ենթադրյալ աղոթարարներ` նվաստորեն ապշած, անօգնական ու տդեմ: Խուժանը մեր հեռուստատեսային հաղորդումներն են, մեր որոշ թերթերն ու թերթոններն են, մեր լեզուն ու պսպղունն աղավաղող այլազան ոռնոցներն արդեն իսկ ապականված բեմահարթակներից: Քաղաքը կապել եմ ոտքիցս, որ հեռու չգնա, իմ քաղաքը, իմ հին Երևանը, իմ պարականոնն ու գաղտնածեսի շտեմարանն աննինջ: Քաղաքիս հետ կապված հույսերս էլ կապել եմ ինձնմանների ոչ սիզիփոսյան մագլցումներից, ինձնմաններ, որ արհեստականորեն աղավաղվել, անվանաձևվել ու թաքցվել են մի պատառ հետոյի շրջերեսին: Քաղաքը մարդ է, քաղաքը մարդն է…
-Մեկ այլ «սայթաքում».
«Հուզմունքը շռայլում է սայթաքումների փնջերն
ՈՒ ծայրահեղությունը հայտարարում
Հաղթաթուղթ»:
Այս քաղվածքը «Հյուսիսային պողոտա» բանաստեղությունից է, սակայն տպավորությունն այնպիսին է, որ մտահոգությունը շատ լայն տրամագծով շրջանցել է առարկայացված տեղանքն ու հասել մինչև բանաստեղծություն.
«Բանաստեղծություն գրողներ չկան,
Բոլորն են բանաստեղծ Արևելքում…»:
Ի՞նչ թելերով են շաղկապվում այս բոլորը ու նաև` բանաստեղծի անձնական ես-ը:

-Արևելյան քաղաքի Հյուսիսային պողոտան, ասես, դրուիդական արձագանքի հակադարձումն է սուֆիստական լռությանը: Ջազ երգող գուսանների և ուրարտական սեպագրերի խաչաձևումներում կիզակետը ծայրահեղությունն ու տանուլ տալը չպիտի լինեն, այլ Աստվածփնտրումը, խոնարհաքայլը և իմաստնությունը: Բնականաբար, ես-ն այստեղ տարրալուծվում է:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱՂՁԱՆՔՆ ԱՅՍՕՐ ԷԼ ՓԱՅՓԱՅՎՈՂ ՈՒ ՃԱՐՏԱՐԱԿԵՐՏՎՈՂ Է ՆՎԱՍՏԻՍ ՄՏՈՐՈՒՄ-ՆԱԽԱԳԾՈՒՄՆԵՐՈՒՄ»
-Գրում եք.
«Ապագան կոտրել էր ոտքն ու կաղում էր
Սպասումների շուկայի ճամփին»:
Ապա.
«Անցյալը մենք ենք` մինիհույս հագած»:
Կաղոտք ապագայով ու «մինիհույսով» ինչ-որ ապահով հանգրվանի կարելի՞ է հասնել:

-Հանգրվանի ձգտումը թե՛ առաջնորդել, թե՛ հետապնդել է անցորդին: Անցորդ-տեսանողին կաղոտն ապագան էլ փրկության հանգրվան է թվում համատարած մութի դռնփակ ծեսում: Առավել բարձրերը ժամանակին խոստովանել են էականը` սպասել և հուսալ:
-«Տասնիններորդ դարը…
«Հայաստանի Հանրապետություն»
բաղձանքը
Թուրք, պարսիկ ու ռուս խաների
Սնդուկներում զնդանված էր մնալու
Դեռևս հարյուր իննսուն տարի…»։
Պատմական մի էքսկուրսի փորձ կատարենք և պարզենք` Դուք Հայ հեղափոխական դաշնակցությունն ընկալում եք իբրև «Հայաստանի Հանրապետություն» բաղձանքի հիմնաքարերը դնո՞ղ, թե՞ այն հարյուր իննսուն տարի սնդուկներում զնդանելուն նպաստող կուսակցություն:

-«Հայաստանի Հանրապետություն» բաղձանքն այսօր էլ փայփայվող ու ճարտարակերտվող է նվաստիս մտորում-նախագծումներում: Թուրք, պարսիկ ու ռուս խաների սնդուկներն այսօր էլ կարոտ են գենիս մակարդ-փրկօղակի չվերթին, նրա հայտնությանն իրենց խառնածնի ընկղմվող օրոցքում: Իսկ անհասկանալի կերտվածքի հեծանների վրա տարուբերվող քաղաքական թվաբանությունն իմ բանը չէ, դրանից ես էդպես էլ գլուխ չհանեցի:

«ՉԱՐԺԵ ՊՈԵԶԻԱ «ՆԵՐԿՐԵԼ» ՄԵԾԱՔԱՆԱԿ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ»
-«Տիգրան Աշխարհակալի ժառանգորդը
Դպրոցահասակ աղջկան կոշիկ գնելու
Դրամ չունի…»:- Չե՞ք կարծում, որ այս մերկապարանոց կենցաղային ճշմարտության դեմ հանապազորդ մաքառող հայ մարդուն դժվար է հուզել Ձեր «բուրժուական» մտահոգությամբ.
«Աշխատավարձս հավասար է երեք տուփ
«Դանհիլի»-ի,
ՈՒստի քնքշացնում եմ
Ծխելուս արարողությունը
Եվ ծխամորճի մեջ լցնում
Թալինից բերված, մշրած,
թունդ թութուն…»։

-Համամիտ եմ, չարժե պոեզիա «ներկրել» մեծաքանակ սոցիալական վիճակագրություն:
-«Հալեպ-քաղաք» բանաստեղծության մեջ մեր համազգային ցավի անդրադարձն այս կերպն է ստացել.
«Միայն ես եմ, որ շալի տեղ
Փնտրում եմ հայ մարդու աչք
Ալ Մադինե հին շուկայում»:
Մենք ընդամենը փնտրո՞ւմ, թե՞ նաև փորձում ենք փրկել «հայ մարդու աչքը» աշխարհի հին ու նոր «շուկաներում»:

-Հաստատ, աշխարհի հին ու նոր շուկաների հիմնադիրներից ենք եղել: Հայի աչքը փրկության կարիք չունի, հայի աչքն ինքն է աշխարհի չորս կողմում աչք փրկում, բարեշրջում, գույն ու խորք տալիս, լեզու և մեղեդի ներարկում, նաև` հայի էմբրիոնալ թախծերանգ դաջում միապաղաղ բբին: Հայի տեսանողությունն է փրկության կարիք զգում, տեսանողություն, որ, ավա՜ղ, այսօր մշուշված է տգիտության, նախանձի և ագահության մուժով:

«ՈՉ ՄԻԱՅՆ ՏԱՐՎԵԼ, ԱՅԼԵՎ ՓԱՐՎԵԼ, ՇՊԱՐՎԵԼ, ՊԱՏՎԵԼ ԵՆՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՇՈՎ»
-Եվ մի հարց աշխարհաքաղաքական խոհերի ոլորտից: «Ամերիկա» բանաստեղծության մեջ գրում եք.
«Քանզի այն, ինչ մերժում ես դու,
Զմուռս է ու խորք,
Եվ` ինչ փայփայում ես դու,
Փոշի է փայլուն…
Ամերիկա, ինձնից ես թափ եմ տալիս
Փոշիդ
Եվ շտապում դեպի ավերակն իմ
Արևելքի…»:
Արդյոք մենք շատ չե՞նք տարվել Ամերիկայի փայլփլուն փոշով` գտնելու համար Արևելքի ավերակը բերող ճամփան:

-Ոչ միայն տարվել, այլև փարվել, շպարվել, պատվել ենք ամերիկյան փոշով, փոշի, որ սովորական թիթեռի փոշուց էլ հում է: Այստեղ Ամերիկան առավել պայմանական դեր ունի: Նկատի ունեմ ամենայն օտարն ու զգլխիչը, ամենայն շեղողն ու պարտադրողը, ամենայն ապազգայինը (ոչ ազգայնականը): Այդ հարաբերության մեջ էլ ես իրապես կշռաքար չեմ, կշեռք բռնողն եմ: Եվ նժարներին դրված Ամերիկա-Արևելքի փլատակ կշռաչափի մեջ նժարի ծանր կողմը, դեպի հողը ձգվող կողմը, ինձնմանների հայացքը շոյող կողմը դարձյալ ու դարձյալ փլատակն է Արևելքի։
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1554

Մեկնաբանություններ